«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
-Հայաստանն ունի նոր վարչապետ և նոր կառավարություն, որևէ նորություն Դուք զգացե՞լ եք:
-Նորություն չկա, կա, ըստ էության, պատմության պարուրաձև կրկնություն, հին ու «մոռացված» կառավարություն, որն ամբողջովին քրեաօլիգարխիկ է, գործող կառավարության անդամները իշխանության և բիզնեսի միաձուլման դասական օրինակներ են: Հարստությունը նրանց ձեռքում կուտակվել է բացառապես իշխանության մեջ լինելու շնորհիվ, և որքան նրանց պաշտոնը բարձրացել է, այնքան կուտակած հարստությունն ավելացել է: Եթե քրեական տարրեր չլինեին այդ գործընթացում, շահերի բախում պիտի լիներ: Իսկ որտեղ կա շահերի բախում, այնտեղ մեծանում է օրենքից դուրս լինելու հավանականությունը: Այս կառավարությունն օլիգարխիկ և հակառեֆորմիստական է: Տիգրան Սարգսյանի կառավարությունը սկզբում գոնե փորձեց ռեֆորմիստական քայլեր կատարել, կարճ ժամանակ անց այդ քայլերից միայն կաղապարը մնաց, բովանդակությունը դուրս եկավ, Տիգրան Սարգսյանը համակերպվեց իշխող մթնոլորտին ու ձուլվեց՝ ինքն էլ սկանդալների կենտրոնում հայտնվելով, բայց գոնե ձևական ռեֆորմիստական իմիջ կար, նոր կառավարությունը նույնիսկ այդ ձևական իմիջը չունի: Մենք միանշանակ իջել ենք կառավարման համակարգի ստորին կետ:
-Բայց վարչապետն առաջին օրից ասել է, որ բարեփոխումները շարունակվելու են, որ ինքը գործարարների կողքին է կանգնած, որ փոփոխություններ են լինելու:
-Դուք որևէ վարչապետի անուն կտա՞ք, որ ասել է, թե բարեփոխումները չեն շարունակվելու, ինքը գործարարների կողքին չի լինելու ու փոփոխությունները բացառվում են: Մինչև այժմ բոլոր վարչապետերն էլ եկել են բարեփոխումներ անելու խոստումներով, միշտ էլ ասել են, որ գործարարների կողքին են կանգնելու, հատկապես փոքր ու միջին բիզնեսի: Փոքր ու միջին բիզնեսն այդ մեծ սիրո գրկախառնության մեջ ուղղակի խեղդվեց, ուստի խիստ կասկածում եմ, որ հետայսու էլ գործնական դաշտում փոփոխություն կլինի: Չեմ կարող չհարցնել՝ և ո՞վ է խոսում այդ մասին: Մարդիկ, որ այսքան ժամանակ միշտ եղել են իշխանության ոչ թե պահպանողական, այլ բռնապետական թևում, որ ընտրություն են կեղծել, որ կարողացել են պետական շահը, ազգային ունեցվածքը, պետական բյուջեն բացառապես իրենց ծառայեցնել: Այդ անձինք ինչպե՞ս կարող են փոքր ու միջին բիզնեսի կողքին կանգնել, ինչպե՞ս կարող են մրցակցային հավասարություն ապահովել, երբ իրենք ամբողջ կյանքում արել են ամեն ինչ, որ, բացի մոնոպոլիայից, երկրում ուրիշ տնտեսավարման ձև չլինի: Ինչպե՞ս կարող են այդ մարդիկ բարեփոխումներ անել, երբ ամենաանցանկալի համակարգի կարկառուն ներկայացուցիչներն են, երբ իշխանությունը և բիզնեսը միաձուլված են: Ես արդեն քաղաքականության քուրայով անցել եմ, որ իրատեսորեն գնահատեմ իրավիճակը և ասեմ՝ հնարավոր չէ, որ այս կառավարությունը կատարի այն բարեփոխումները, որոնց կարիքը երկիրն ունի:
-Համաձայն չեմ: Սեպտեմբերից հետո Հայաստանը կորցրել է ԵՄ-ի ֆինանսավորումը, Հայաստանը վազքով գնում է ՄՄ, բայց Ռուսաստանը, իր վիճակից ելնելով, Հայաստանը ֆինանսավորելու ցանկություն չի դրսևորում: Հայաստանը դեմ առ դեմ է մնացել ինքն իր հետ, և, եթե բարեփոխումներ չլինեն, եթե քրեաօլիգարխիկ համակարգը շարունակի գործել իր ավանդույթներին հավատարիմ, ինքն իրեն կործանում է, երկիրը պահել է պետք՝ ինքնապահպանման համար:
-Ոչ: Ո՞վ ասաց, որ իրենք երկիրը պահելու խնդիր ունեն: Երկրի ստացած վարկերի մի հսկայական մաս, ընդունեք, որ դուրս է եկել երկրից անօրինական և օրինական ճանապարհներով և դարձել է արտասահմանյան ներդրում այլ երկրներում: Եթե իրենք այդ ցանկությունն ունենային, հենց հիմա նոր ընտրություններ կանցկացնեին, իրենք իշխանությունից դուրս կգային: Դուք էլ զարմացաք, չէ՞: Պարզ է, որ կարմիր կովը կաշին չի փոխում:
-Դուք առաջարկում եք ինքնաոչնչացմա՞ն ճանապարհը:
-Դա ոչ թե ինքնաոչնչացման ճանապարհն է, այլ բոլոր խնդիրների լուծման միակ ճանապարհը: Եթե իրենք ցանկանում են երկրում այնպիսի մթնոլորտ ստեղծել, երբ կունենանք իրական ներդրումներ, եթե ցանկանում են արդար սկզբունքներով ղեկավարվող տնտեսական դաշտ ստեղծել, իշխանությունն իրենց ինչի՞ն է պետք: Ավելորդ պատասխանատվություն է ընդամենը: Հոգս: Նշանակում է՝ իրենք այդ խնդիրը չունեն, ներկա գործողությունները հենց դա են ապացուցում: Իրենք որևէ խնդիր չունեն՝ բացի ժամանակ շահելուց, երկրում որոշակի քաղաքական կայունություն ունենալու համար, տնտեսական անկայունությունն իրենց համար խնդիր չէ: Հայաստանի Հանրապետություն չի լինի, կլինի նահանգ, իրենք ոչինչ չեն կորցնում: ՈՒնեցվածքը Հայաստանում կկորցնե՞ն, կապրեն Հայաստանից դուրս ունեցածով, շվեյցարական ու այլ բանկերում կուտակած միլիարդներով, այլ երկրների հանքերով ու կատարած ներդրումներով: ՈՒստի չեմ կարծում, որ ինքնապահպանման համար երկիր պահելու խնդիր ունեն: Մեր հիմնական ոչբյուջետային մուտքերը ապահովում էին տրանսֆերտները, որ այս տարի նվազել են, հատկապես Ռուսաստանից, որովհետև Ռուսաստանի տնտեսությունն այս պահին ռեցեսիայի մեջ է, բացի այդ, ՈՒկրաինայի հետ կապված խնդիրները, տնտեսական պատժամիջոցները հաշվի առնելով, նաև արևմտյան բազմամիլիոն ֆինանսավորման կրճատումը թույլ չեն տալիս, որ մենք ունենանք գրանտակեր իշխանություն: Բացի այդ, մենք արդեն նախկին վարկերի մեծ տոկոսներ փակելու շրջանում ենք: Այս վիճակը տնտեսական ակտիվությունը նվազեցնելու է, որքան էլ գնաճի հաշվին թվեր նկարվեն, կամ ուղղակի թվանկարչությունը զարգացնեն, ցանկացած գործարար այսօր ասում է, որ շրջանառությունը նվազել է: Սա իսկապես խնդիր է, բայց մեզ համար շատ խնդիրներ են առաջացել, հետո՞ ինչ: Իշխանությունները, որ երբևէ չեն փոխվել, բարեհաջող շրջանցել են այդ խնդիրները:
-Իշխանությունները չե՞ն փոխվել: Դուք այդպե՞ս եք կարծում:
-Հովիկ Աբրահամյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ եղել է քաղաքապետ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եղել է մարզպետ ու փոխվարչապետ, Սերժ Սարգսյանի ժամանակ եղել է ԱԺ նախագահ, հիմա վարչապետ է: Այսինքն՝ միշտ իշխանության մեջ է եղել: Եվ ոչ միայն ինքը: Բոլորն էլ միշտ իշխանության մեջ եղած մարդիկ են և իրենց գործունեության որևէ դրվագում չեն մտածել պետության մասին, տնտեսության մասին: Պետության մասին մտածողն ինքը ընտրություններ չի կեղծում, տնտեսության մասին մտածողը կոռուպցիայով չի զբաղվում, պետական ունեցվածքն ու ազգային հարստությունը սեփական կլանի հարստացմանը չի ստորադասում: Պետական ունեցվածքի մասին մտածողը ստվերը բյուջեին չի հավասարեցնում:
-«Պետությունը ե՛ս եմ» սկզբո՞ւնքն է գործում:
-Ես որևէ նորություն ասացի՞: Երկրում այդ իրավիճակն է միշտ: Ֆրանսիայի արքայի խոսքը Հայաստանում առարկայացնելիս դառնում է՝ «Պետությունն իմ կլանն է»: Մենք տեսնում ենք միայն տարբեր պաշտոնյաների փոխատեղում, ընդհանրության մեջ ոչինչ չի փոխվում: Կերակրատաշտի շուրջ տեղերն են փոխվում:
-Ձեր պատասխանից պիտի եզրակացնեմ, որ գործարարների հետ հանդիպումից հետո երկրի խոշոր հարկատուների ցանկում փոփոխություններ չե՞ն լինելու:
-Սկզբունքային մի քանի հարցեր կան: Ի՞նչ է նշանակում՝ ինչ եղել՝ եղել է, կարմիր գիծ ենք քաշում ու նորից ենք սկսում: Ես ոչարմատական քայլերի կողմնակից եմ, ես էլ եմ կարծել, որ ինչ-որ պահից կարելի է զրոյից սկսել, բայց դրա համար կան մի քանի եղանակներ: Մեկը ազգայնացումն է: Ես դրա կողմնակիցը չեմ: Ես կարծում եմ, որ այն անձինք, ովքեր այս տարիներին տնտեսական հանցագործություններ են կատարել, կոռուպցիայի հաշվին են ունեցվածք կուտակել, պետք է ինդուլգենցիա վճարեն, բայց ներկա կառավարությունը նույնիսկ շքեղության հարկն է հանում, այսինքն, չի կարողանում ապօրինի ձեռք բերածը վերադարձնել: Պարզ է, որ ատամներով պահելու են ունեցվածքը: Միայն նրանց իշխանություն մնալու պարագան արդեն հուսահատեցնում է ժողովրդին, սպանում է երկրում իրական ներդրումներ կատարելու ցանկությունը, այդ թվում՝ մեր հայրենակիցների, որովհետև պարզ է, թե նրանց կերպարն ինչ է արտացոլում՝ Հայաստանում դրական ոչինչ չի կարող լինել: Այս իշխանություններին ներսում ու դրսում որևէ մեկն այլևս չի վստահում, որովհետև միշտ ասել են, որ պայքարելու են կոռուպցիայի դեմ, ծաղկեցնելու են փոքր ու միջին բիզնեսը, աղքատությունը կրճատելու են, արդար ընտրություններ են անելու, մարդու իրավունքներ են պաշտպանելու, քաղաքակիրթ եվրոպական արժեքներ են հաստատելու կառավարման համակարգում, ազգային շահն են պաշտպանելու, ու ի՞նչ: Միշտ հակառակն են արել: Միակ մտահոգությունը հիմա՝ ինչպե՞ս անել, որ պայթյունավտանգ վիճակը, առավել ևս աշխարհաքաղաքական բարդություններն իրենց չվնասեն, ինչպե՞ս ժամանակ շահել: Ի՞նչ է նշանակում, որ վարչապետը կանչում է գործարարներին ու ասում է՝ պետք է հավասարության դաշտում գործեն: Կանչել պետք չէ, պետք է ցույց տալ: Օրենքը պետք է կիրառել: Օրենքը լիովին բավարարում է այդ խնդրի լուծմանը: Կանչել պետք չէ: Տեսարանի համար՝ գուցե միայն:
-Բայց տեսարանն էլ երկակի է՝ որտե՞ղ էին առաջին տասնյակում գտնվող գործարարները:
-Վերջ՝ հարցը փակված է: Համաժողովին իշխանական դաշտի ներկայացուցիչների ներկայությունը վերստին ապացուցում է, որ կառավարությունն ու պատգամավորները խախտում են օրենքը՝ լինելով գործարար, և՛ նախարար են, և՛ պատգամավոր: Հակասություններն այնքան ակնհայտ են, որ անիմաստ է թվարկելը: Կիրառեք օրենքը, և վերջ, ուրիշ ոչինչ պետք չէ: Բայց օրենքը նախ քո նկատմամբ պիտի կիրառես: Կանե՞ս: Համոզված եմ, որ ոչ, որովհետև իշխանություն են դարձել հենց օրենքից դուրս լինելու համար: Շատ պարզ իրավիճակ է, որ հոռետեսական գնահատականների տեղիք է տալիս: Թեպետ համամիտ եմ, որ տնտեսական վիճակն ավելի է վատանալու, և ինչ-որ քայլեր պիտի մտածվեն: Բայց եթե քաղաքական գործչին խելք պետք չէ, միայն բիզնեսմեններին է խելք պետք, ես չգիտեմ՝ կառավարությունն ինչ գործունեություն է ծավալելու:
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի շուրջ ակտիվացում սկսվել: Նկատի ունեմ և՛ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի ելույթը, և՛ դեսպանի, համանախագահների տարածաշրջան վերադառնալը, և՛ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունները, այդ թվում՝ Վրաստանն իբրև միջնորդ ներգրավելը: Սա հերթակա՞ն ակտիվացում է, թե՞ որոշում է հասունանում:
-Չեմ կարծում, որ առանձնակի ակտիվացում կա, պարզապես եղել է որոշ ուղերձների անհրաժեշտություն:
-ՈՒղերձներ՝ ուղղված մե՞զ, թե՞ իրար:
-Իհարկե՝ իրար, մենք ո՞վ ենք, որ մեզ ուղերձ հղվի: Մենք արդեն վասալային երկիր ենք: Ռուսաստանի դեսպանն ինչ ուզում, ասում է, որևէ մեկը չի հակադարձում, միջազգային կառույցներում քվեարկությունները չեմ հիշեցնում: Դրանք ՌԴ-ին հասցեագրված ուղերձներ էին: Ռուսաստանը սկսել է որոշակի ագրեսիվ քաղաքականություն իրականացնել, բացի այն, որ կա ՈՒկրաինայի խնդիրը, Ադրբեջանին հարձակողական զինտեխնիկա վաճառվեց մեծ ծավալով և շարունակվում է, ՌԴ դեսպանը վերջերս Բաքվում հայտարարեց, որ Ռուսաստանը Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմում, որևէ մեկն այդ հայտարարությանը չընդդիմացավ: Ո՛չ Ռուսաստանից ասացին, որ դա դեսպանի անձնական կարծիքն է, իսկ անձնական կարծիք հայտնած դեսպանին հետ են կանչում տեղնուտեղը, որովհետև նա մասնավոր կարծիք հայտնելու իրավունք չունի, այլ պետության տեսակետն է ներկայացնում, ո՛չ Հայաստանը խախտեց լռությունը: Դրանք մեսիջներ էին, որ տարածաշրջանում որևէ մեկը միակողմանի ստատուս քվո խախտելու իրավասություն չունի: Դեսպան Ջեյմս ՈՒոռլիքի խոսքում կային անընդունելի կետեր (տարածքների, խաղաղապահների, փախստականների վերաբերյալ), այնուամենայնիվ, պարզ էր, որ Ղարաբաղն այլևս անկախ սուբյեկտ է դիտվում: Եթե ստատուս քվոն Ադրբեջանը խախտի, ԱՄՆ-ը կարող է ԼՂՀ անկախության ճանաչման գործընթաց սկսել: Պատահական չէր Կալիֆոռնիայի նահանգում ԼՂՀ-ի ճանաչումը, արդեն հինգերորդ նահանգն է, և՝ առանց ազատագրված տարածքների հիշատակության: Նաև Ֆրանսուա Օլանդի այցի ընթացքում հնչած հայտարարություններն ապացուցում են՝ Արևմուտքը տարածաշրջանով հետաքրքրված է և միակողմանի ստատուս քվոյի փոփոխություն թույլ չի տա: Լեռնային Ղարաբաղով, առավել ևս, ազատագրված տարածքներով, Հայաստանն ավելի ուժեղ է, ավելի հրապուրիչ՝ վերահսկելով կոմունիկացիոն հետաքրքրություն ներկայացնող տարածքներ: Հավելեք Իրանի էներգետիկայի փոխնախարարի հայտարարությունը, որ Իրանը պատրաստ է Հայաստանով անցկացնելու գազամուղը դեպի Եվրոպա:
-Իրանը պատրաստ է, բայց Ռուսաստանն է դեմ՝ մրցակից տեսնելով Թեհրանին:
-Այո, եթե Հայաստանի իշխանությունը պետության շահի գիտակցություն ունենար, միանշանակ այդ ծրագիրը կյանքի կկոչեր: Եթե Ռուսաստանը չթողնի, որ գազամուղն անցնի Հայաստանով, դա ուղղակի թշնամական վերաբերմունք է Հայաստանի նկատմամբ, որովհետև այդ ծրագիրը պարտադիր գործելու է: Եթե ոչ Հայաստանով, Ադրբեջանով ու Վրաստանով, ապա Թուրքիայով: ՈՒրեմն ինչո՞ւ ոչ Հայաստանով: Ոչ միայն Իրանը, Արևմուտքն էլ է ուզում, որ գազամուղն անցնի Հայաստանի տարածքով, որովհետև Հայաստանում էթնիկ պատերազմների վտանգ չկա: Թուրքիան գրեթե վառոդի տակառի վրա նստած պետություն է՝ իր ներքաղաքական խնդիրներով, քրդական հարցով: Եթե գազամուղն անցնի Թուրքիայով, անցնելու է քրդաբնակ տարածքներով, որ խնդրահարույց է: Երկարաժամկետ ապահովության տեսակետից ամենահարմար տարբերակը Հայաստանով անցումն է:
-Ազարովը հայտարարեց, որ Հայաստանը ՄՄ է մտնելու իր գործող սահմաններով, ԼՂՀ-ի հարց ընդհանրապես չի քննարկվել, դա նշանակում է, որ ՀՀ-ԼՂՀ մաքսակե՞տ է դրվելու:
-Այդ խոսակցությունը նոր չէ:
-Այո, բայց միշտ ասվել է, որ հարցը լուծվելու է, սա լուծո՞ւմ է:
-Իհարկե, լուծում չէ, բայց առաջի՞ն դեպքն է: Սերժ Սարգսյանն ասում էր՝ գազը չի թանկանալու, հիմա էլ ասում է՝ Հայաստանն ամենաէժան գազն է ստանում, ամենաէժան ստացվող գազի դիմաց սպառողն ամենաթանկ գինն է վճարում: Ինչպե՞ս է լինում: Հակասություններն այնքան շատ են, որ նույնիսկ չարժե քննարկել:
-Հնարավո՞ր է՝ դա պատճառ դառնա, որ Հայաստանը համաձայնագիրը չստորագրի:
-Հայաստանն ի սկզբանե պիտի այդ քայլին չգնար: Մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս վերպետական որևէ կազմավորման ենթակայություն, որը լինելու է ՄՄ-ի պարագայում, իսկ ասոցացման պայմանագիրը ԵՄ-ի հետ նման կառույցի ենթակայություն չէր ենթադրում, որովհետև պայմանավորվածությունները պետք է լինեին բացառապես երկկողմանի: ԵՄ-ին անդամակցությունը և ԵՄ-ին ասոցացումը տարբեր իրավական կարգավիճակներ են, ասոցացման համաձայնագիրը առևտրատնտեսական երկկողմանի պայմանագիր էր: ՄՄ-ի դեպքում մենք չունենք տնտեսական շահավետություն: 1994-ից ՌԴ-ի հետ ունենք ազատ առևտրի պայմանագիր, ի՞նչ է դա մեզ տվել, մեր առևտրաշրջանառությունը Ղազախստանի ու Բելառուսի հետ զրո ամբողջ մի քանի տոկոս է, դա մեզ ի՞նչ է տալու: Պարզ է, որ Հայաստան ներդրումներ չեն գալու, մեզ տնտեսության իրական հատվածում ներդրումներ են պետք: Պարզ է, որ ՄՄ-ն մեզ նոր տեխնոլոգիաներ չի բերելու, որովհետև ինքը չունի, մենք որակյալ ու մրցունակ ապրանքներ չենք կարողանալու արտադրել, ուստի ոչ ՄՄ-ն, ո՛չ Եվրասիական միությունը ոչինչ չեն տալու՝ շուկա դուրս գալու առումով: Վերջապես, կառավարման համակարգի մշակույթի առումով մենք մտնում ենք մի կառույց, որը շատ ավելի վատն է, քան Հայաստանինը: Մենք բողոքում ենք մեր կառավարման համակարգից, բայց մտնում ենք մի տարածք, որտեղ կոռուպցիան ավելի զարգացած է, ստվերն ավելի մեծ, առավել ևս, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ակնհայտ է դառնում: Ես համոզված եմ, որ Հայաստանին ՄՄ, Եվրասիական տնտեսական դաշտ մտնել ուղղակի չի կարելի, որովհետև բոլոր կողմերով, բացի իշխանությունը պահելուց, մեզ օգուտ չի տալու:
Զրույցը վարեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ